Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է այն ժամկետները, երբ ինքը Վրաստան կվերադառնա, որի մասին բազմիցս է հայտարարել։ Այս անգամ Սահակաշվիլին քիչ թե շատ մոտավոր ամսաթիվ է նշել՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որոնք Վրաստանում կանցկացվեն հաջորդ տարի, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ երեկ «Գլխավոր ալիք» վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում նախկին նախագահը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին կվերադառնա Վրաստան։ Եւ նրա վերադարձի առավել ճշգրիտ ժամանակն իմանալու հաղորդավարների բոլոր փորձերը հաջողությամբ չէին պսակվել։ Այսօր նախկին նախագահը ճշգրտումներ է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Ինձ այս մասին շատ հարցեր են տալիս։ Հաջորդ տարի Վրաստանում ըստ ժամանակացույցի կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Եւ, չնայած ոչ միայն ռուսամետ ռեժիմի օլիգարխ Իվանիշվիլու, այլեւ Լավրովի կողմից ձերբակալության սպառնալիքներին, ես անպայման կվերադառնամ այնտեղ մինչեւ ընտրությունները եւ կօգնեմ ժողովրդին լուծել օլիգարխի հարցերը։ Իսկ այժմ ես Օդեսայում եմ եւ ակտիվորեն զբաղվում եմ տեղի խնդիրներով, որոնք ինձ նույնպես շատ են անհանգստացնում»,- գրում է Սահակաշվիլին։





























