Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության եւ հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները:

Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետեւում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը եւ մշակութային վերելքին:

Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն եւ հետեւողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի եւ փոխանակումների հետագա ընդլայնումը եւ միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը եւ հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ եւ Չինաստանի կառավարությանն իմ ջերմ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության եւ հասարակության կառուցման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների եւ մշակութային զարգացման ոլորտներում:

Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն եւ հետեւողական ամրապնդմանն ու խորացմանը:

Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը եւ հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության եւ համագործակցության օրակարգը»: