Գյուղատնտեսությունում վարկավորումը պետք է էապես ավելացվի եւ պետք է նվազեցվեն վարկավորման տոկոսները:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 1-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսական վարկավորումը չպետք է գերազանցի 14 տոկոսը, այդ թվում  4 տոկոսը պետք է սուբսիդավորվի կառավարության կողմից: «Այս ծրագիրը պետք է գործարկվի սկսած ամենաաղքատ համայնքներից, հետո նոր տարածվի մյուս համայնքների վրա: 4 տոկոսի վարկավորումը էապես կթեթեւացնի  գյուղացու խնդիրները, եւ գյուղացու կողմից արտադրվող ապրանքները կլինեն շատ ավելի մեծ քանակով եւ ավելի մատչելի գնով»,-նշեց Մինասյանը:

Նա նշեց, որ այս տարի վարկերը գյուղացուն  տրամադրվելու են ՀՀ դրամով: «Այս 4 տոկոսը ֆինանսավորելու համար պետությունն արդեն իսկ առանձնացրել է 200 միլիոն դրամ, եւ նոր վարկերը` 10+4 տոկոս, լինելու են դրամով»,-ասաց պատգամավորը:    

Այնուհետ նա անդրադարձավ դիզվառելիքի գների թանկացմանը: «Եթե Աստված մի արասցե, բենզինի գները կտրուկ թանկանան, ապա այդ թանկացումը կկոմպենսացվի գազի գնի կայունացմամբ»,-հավաստիացրեց Մինասյանը: Ըստ նրա` գազի գնի կայունացումը էապես կմեղմի այն հնարավոր ռիսկերը, որոնք սպասվում են բենզինի թանկացման դեպքում: