Մենք այստեղից կհեռանանք միայն այն դեպքում, եթե մարզպետը դուրս գա եւ հայտարարի, որ գուղապետի տեղակալ Միսաք Ստեփանյանը կլինի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ նոր ընտրությունները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արարատի մարզպետարանի շենքում հայտարարեցին Նորաշեն համայնքի բնակիչները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում այդտեղ:

Ինքը՝ Միսաք Ստեփանյանը մարզպետի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նման հարց մարզպետի հետ չի քննարկվել, ինքը մնում է գյուղապետի տեղակալ, իսկ մարզպետը հորդորել է գնալ գյուղ եւ վերականգնել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

Գյուղացիները նշեցին, որ եթե Արտակ Հարությունյանին բերեն ժամանակավոր պաշտոնակատար, արյունահեղություն կարող է լինել: «Բախումներ կլինեն, դա անխուսափելի է: Եթե չեն ուզում խաղաղ լուծում լինի, իրենք են պատասխանատու լինելու: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք մարզպետի դռան դիմաց նստացույց ենք հայտարարելու»:

Քիչ անց իր աշխատասենյակից դուրս եկավ մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ հայտարարեց, որ չի վերանայելու հմայնքապետի պաշտոնակատար նշանակելու իր որոշումը:

Նա ցույց տվեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի իրեն հասցեագրված գրությունը, նաեւ իր կարգադրությունը, որով Նորաշենի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Արտակ Հարությունյանին:

«Ամեն ինչ եղել է օրենքի համապատասխան: Օրենքի ուժով համայնքապետի լիազորությունները դադարեցվել են, ավագանին արձանագրել է միայն այդ փաստը: Մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացրել ենք լիազոր մարմին՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, համակողմանի նայվել է ամեն ինչ: Այլ մեկնաբանություն չունեմ այս պահին»,-ասաց մարզպետն ու ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ:

Նորաշենցիներից մի կին հայտարարեց, որ իրենց այլ բան չի մնում, քան փակել ճանապարհը. «Հենց այսօր փակելու ենք կառավարության դիմացի ճանապարհը, պետք է մեր հարցին լուծում տա պարոն Փաշինյանը: Ճանապարհներ փակելով ինքը հասել է իր ուզածին, մենք էլ նույն ճանապարհով արդարություն կհաստատենք»:

Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:

Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:

Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: