Այո, ես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին վիրավորել եմ, անվանել եմ ոչխար, անասուն. Ես հիմա հաստատում եմ իմ խոսքերը, ոչ թե եսա, այլ մարզպետը  պետք է գա ներողություն խնդրի իր անօրինական արարքների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեց Նորաշենի բնակիչներից մեկը, ով մինչ այդ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել մարզպետի հասցեին:

«Հիմա մարզպետը հելավ, կռիսի պես փախավ: Հետագա մեր գործողությունները դուք կտեսնեք՝ գնալ Երեւան, ճանապարհներ փակել»,-ասաց նա:

Նորաշենցիները հայտարարեցին, որ մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նորաշենցիները որոշել են այսօր դադար վերցնել, իսկ ակցիաները կշարունակվեն վաղը: 

Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:

Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:

Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: