Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը նախատեսում է հինգշաբթիից հետո պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստյան Կուրցին նոր կառավարությունը ձեւավորելու մանդատով օժտել՝ ըստ  Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների: Այս մասին երեքշաբթի Վիեննայում հայտարարել է պետության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ հինգշաբթի հայտնի կդառնան ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո կմեկնարկեն կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները: Պետության ղեկավարը հայտարարել է, որ նախ բանակցություններ կվարի խորհրդարան անցնող կուսակցությունների առաջնորդների հետ: «Բանակցություններից հետո, եթե արդյունքները զգալի փոփոխություններ չկրեն, ես Սեբաստյան Կուրցի ներկայացրած հաղթող կուսակցությանը կհանձնարարեմ կառավարությունը ձեւավորել»,- ասել է Վան դեր Բելենը:

Երեքշաբթի անցումային կառավարությունը՝ առաջին կնոջ՝ Ավստրիայի կանցլեր Բրիգիտա Բիրլյայնի գլխավորությամբ, ընտրություններից հետո նախագահին հրաժարական է ներկայացրել: Դրանից հետո պետության ղեկավարը կառավարությանը խնդրել է ժամանակավոր կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, որը կարող է տեւել մինչեւ կաթոլիկ Ծննդյան տոները:

ՆԳՆ նախնական տեղեկություններով՝ ընտրություններում հաղթում է Կուրցի գլխավորած ԱԺԿ-ն՝ ստացած ձայների 37,5 տոկոսով (71 պատգամավորական մանդատ): Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրորդ տողում է՝ ձայների 21,2 տոկոսով (40 մանդատ): Սա խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների ամենավատ արդյունքն է: Երրորդ տեղում է Ավստրիական աջ ազատության կուսակցությունը՝ ձայների 16,2 տոկոսով (31 մանդատ): Նման արդյունքը կուսակցությանը մեծ հիասթափություն է պատճառել, որը, նրա ղեկավարության խոստովանությամբ, կարող է դուրս մնալ նոր կառավարությունից:

Չորրորդը «Կանաչներն» են՝ ձայների 13,8 տոկոսով (26 մանդատ): Նրանք կարողացել են 2017 թվականի ձախողված ընտրություններից հետո բաց թողածը լրացնել եւ Ազգային խորհուրդ վերադառնալ պատգամավորների պատկառելի թվով: «Նոր Ավստրիա» լիբերալ կուսակցությունը ձայների 8,1 տոկոսով 5-րդ տեղում է (15 մանդատ): Մնացյալ քաղաքական շարժումները չեն կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը: Ավստրիայի նոր գումարման Ազգային խորհուրդ կանցնեն 5 քաղաքական կուսակցություններ: