ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կոչ եմ անում ստուգել Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորների դիսերտացիաները: Այս մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին ինքը դիմել է նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ հասարակությանը մտահոգում է նախարարության խտրական մոտեցումը:
«Բարձրագույն որակավորման հանձնաժողովը չգիտես ինչու որոշել է ուսումնասիրել միայն ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դիսերտացիան: Միեւնույն ժամանակ, հանրությունը ցանկանում է վստահ լինել, որ այլ համալսարանների ռեկտորների դիսերտացիաներում պլագիատ չկա»,- նշեց Սամսոնյանը՝ առաջարկելով ուսումնասիրել բոլոր բուհերի ռեկտորների դիսերտացիաները՝ բացառելով խտրական մոտեցումը:
Ընդ որում, նա հայտարարեց, որ իրեն չի գոհացրել նախարարի պատասխանը: Պատգամավորը նշեց, որ իրեն այլ բուհերի ռեկտորների գիտական աշխատանքներում պլագիատի առկայության մասին կոնկրետ փաստեր են տրամադրվել:




























