Վայոց Ձորի մարզի Գողթանիկ համայնքի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանն արձագանքել է գյուղի բնակչի հետ ծեծկռտուքի մասին տեղեկությանը։
Գողթանիկի բնակիչ Սաշա Վարդանյանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե գյուղապետը իր ցիցերն է գողացել, Համբարձում Սամվելյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց.
«Ոչ մի գողություն չի եղել, ոչ մի ցից չեն տարել։ Ես տեղում գնացել, նայել եմ, երկու ցից ընկած է եղել, եթե տանելու լինեին, դրանք չէին թողի այդտեղ»։
Գյուղապետի խոսքով՝ Սաշա Վարդանյանի հետ ունեցել ենք նորմալ հարաբերություններ։ «Իրեն ասել եմ՝ եթե կարծում ես գողացել են, դիմի ոստիկանություն, ասել է՝ ես գործ տվող չեմ։ Ինքն ասեց գողացել են, ես ասացի՝ չեն գողացել, իրար չհասկացանք։ Հաջորդը կրկին զանգել է, թե տարել են ցցերը, կրկին առաջարկել եմ ոստիկանություն դիմել»։
Գյուղապետի խոսքով՝ թմրանյութի ազդեցության տակ է եղել Սաշա Վարդանյանը և ևս մեկ անգամ զանգել է իրեն. «Այս անգամ ասել է ջրագծերի խողովակները ծախել ես, ասել եմ՝ չեմ ծախել։ Հայհոյել, անպատիվ խոսքեր է ասել, ես անջատել եմ, ասել եմ հետո քո հետ կխոսանք»։
Նրա փոխանցմամբ՝ ինքն ու իր որդին իրենց ֆերմայում են եղել, երբ իր համագյուղացին և քույրը փայտով եկել, հարձակվել են իր վրա. «Զգացի, որ թմրանյութի ազդեցության տակ է, փորձեցի հանգստացնել, չհաջողվեց, նրան ուղեկցող քույրը փայտով հարվածել է իր գլխին։ Ասեցի՝ աղջի ջան, քեզ հանգիստ պահի, Սաշան՝ թե աղջի չի, Սյուզի ա, Սաշան բռունցքով հարվածեց դեմքիս, ինձ ինչ էր մնում, ինքնապաշտպանվել եմ և խառը խփել ենք իրար»։
Համբարձում Սամվելյանը պնդում է՝ անհիմն են բոլոր մեղադրանքները.
«Իր ջրից օգտվում է, ուղղակի թմրանյութի ազդեցություն տակ է եղել»։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով:




























