ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծացնում է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հետաքննության տեմպերը՝ նրա նկատմամբ իմպիչմենթի գործընթացի եւ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե նախագահն իր ընդդիմադիրներին հետաքննելու համար դիվանագիտական ալիքներ է օգտագործել, հաղորդում է Reuters-ը:  

Ներկայացուցիչների պալատի 3 հանձնաժողովներ հայտնել են, որ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիից փաստաթղթեր են պահանջել: Նյու Յորքի նախկին քաղաքապետն ասել է, որ Ուկրաինայի իշխանություններին խնդրել է «թիրախավորել» նախկին փոխնախագահ Ջո Բայդենին՝ 2020-ի նախագահական ընտրություններում Թրամփի պոտենցիալ մրցակցին:

Ջուլիանին թվիթթերյան հաղորդագրության մեջ նշել է, որ անհնար է իրականացնել օրենսդիրների պահանջը իրավական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ  The Wall Street Journal-ը հայտնել է, որ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի զրույցին մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչը հաշվի կառնեն Ներկայացուցիչների պալատում: The New York Times-ն, իր հերթին, հայտնել է, որ Թրամփը դիմել է համաշխարհային մեկ այլ առաջնորդի՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի աջակցությանը:

«Ավստրալիայի կառավարությունը մշտապես պատրաստ է աջակցել եւ համագործակցել՝ լույս սփռելով հետաքննվող գործի վրա: Վարչապետը եւս մեկ անգամ նախագահի հետ զրույցում հաստատել է այդ պատրաստակամությունը»,- ասվում է Ավստրալիայի կառավարության ներկայացուցչի նամակում:

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելի խոսքով՝ ինքն այլընտրանք չունի, քան հետաքննելու գործը:

«Սենատի կանոնների համաձայն՝ մենք պարտավոր ենք դա հետաքննել, եթե Ներկայացուցիչների պալատն այդ ճանապարհով է գնում: Իմպիչմենթի մասին Սենատի կանոնները հստակ են»,-CNBC-ին ասել է ՄքՔոնելը: