Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները փորձում են «ահաբեկել» Պետական դեպարտամենտի աշխատակիցներին։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին ուղղված իր նամակում՝ նշելով, որ հանձնաժողովի կողմից ծրագրված ցուցմունքներ տալը «անիրագործելի է», հայտնում է AP-ը։

Հաջորդ երկու շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներ ծրագրել են հարցաքննել Պետդեպի հինգ ներկա եւ նախկին աշխատակիցներին, որոնց թվում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը եւ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, որն անցյալ շաբաթ է հրաժարական տվել պաշտոնից։

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի, հետախուզության  եւ վերահսկողական հանձնաժողովները Ուկրաինայի հետ Թրամփի փոխգործակցության հետաքննման հետ կապված փաստաթղթերը ներկայացնելու համար Պոմպեոյին մինչեւ հոկտեմբերի 4-ը ժամանակ են տվել։