«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ուղարկվել է գիտակրթական հաստատություններին, որից հետո կդրվի հանրային քննարկման։
Նախկին ԵրՖԻ նախկին գիտաշխատող Սասուն Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց՝ «նախագիծը ոչինչ չփոխող դատարկաբանություն է»։
«Ստիպված կարդացել եմ: Դժվար էր, տանջալի: Նույնիսկ կարդացել եմ Ռուսաստանի Դաշնության օրենքը գիտության մասին՝ համեմատելու համար (23.08.96 N 127-ФЗ, խմբագրվել է 17.12.98): Չէ, գրագողություն չէի որոնում նորելուկ գիտնականների պես: Պարզապես ՌԴ-ն այս տարի գիտության մասին նոր օրենք է ներկայացնելու Դումայի հաստատմանը: Համեմատությունը կարող է եւ օգուտ տալ: Ոչ էլ ուզում եմ մասնավոր կետերը քննարկել՝ ասենք, եռաստիճան աստիճանաշնորհման համակարգը գիտության մեջ: Պարզ ասած, գիտության թեկնածու եւ դոկտոր աստիճանները փորձում են միավորել մեկ՝ դոկտոր կոչվող աստիճանով: Սա, եւ միգուցե միայն սա, քննարկող շատ կլինի: Կհայտնվեն իմ տարիքի եւ ավելի ծեր նախկին գիտնականներ, սմքած չոքերին երկու ձեռքով խփելով՝ բա ո՞նց կլինի, մենք ամբողջ կյանքում տանջվենք, ծառայենք… Ի սկզբանե ինձ պարզ էր, որ սրանց հետ գիտությունից խոսելն անհույս բան է: Նորից համոզվեցի: Կամ եկել են հասարակական գիտություններից եւ բացարձակապես պատկերացում չունեն, թե ինչ է գիտությունը: Կամ եթե բնական գիտություններից են՝ կոմպլեքսավորված են սեփական անհիմն ստացված դիպլոմներով, եւ դա խանգարում է նրանց ընկալել իրական արժեքների արդեն ընդունված միջազգային սանդղակը: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, որ հեղինակել է այս օրենքի նախագիծը: Եթե կարճ՝ Տարոն Մարգարյանի մասին գիրք գրողից ի՞նչ սպասել: Հանձնաժողովն էլ, ենթադրենք, ղեկավարում է ԳՊԿ գրագող նախագահ Սամվել Հարությունյանը կամ նրան վերանշանակողները»,- նշեց նա։
ԵրՖԻ նախկին գիտաշխատողը շեշտում է՝ եթե օրենք ես փոխում, գոնե աչքիդ առաջ պետք է ունենաս, թե արդյունքում ի՞նչ գիտական համակարգ ես ուզում տեսնել: «Անիմաստ բառերը, թե «ուզում ենք, որ լավ լինի, ամեն լավ բան վատից լավ է» թողեք միտինգներին եւ կառավարության նիստերին: Կարող եք ինձ հակաճառել, որ նույնիսկ չգիտենք, թե ինչ երկիր ենք կառուցում՝ ի՞նչ ես ընկել գիտության ետեւից: Իհարկե, ճիշտ եք: Բայց նաեւ ճիշտ է այն, որ եթե ձեւակերպվեն, թե ինչ կրթագիտական համակարգ ենք ուզում տեսնել, ինչ տնտեսական՝ կհեշտանա ապագա երկրի «կերպարի» ձեւակերպումը: Սա է մեր իրականությունը եւ փախչելու ոչ տեղ ունենք, ոչ էլ իրավունք: Ձանձրալիության աստիճան պարզ է, որ փողերը, որոնք հատկացվում են գիտությանը՝ քիչ են: Սրան սովորաբար հետեւում են կամ լացուկոծ՝ «ձյաձա ջան, փող տուր» թեմայով, ընդ որում բոլոր մակարդակներում: Կամ սուտ մարդասիրական՝ «դե հիմա սա է, ի՞նչ անենք, եկեք յոլա գնանք» ու «յոլա» են գնում յուրայիններով: Հաջորդում են տհաս եւ մանկամիտ կոչերը, թե գիտությունը պետք է փող աշխատի եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Երեք տասնամյակ է անցել ԽՍՀՄ փլուզումից, գրեթե ամեն ինչ փոխվել է: «Ցեխավիկները» դարձել են օլիգարխ, միլիցեքը՝ ոստիկան, արվեստը՝ շոու-բիզնես: Միայն գիտության կազմակերպման համակարգն է մնացել անփոփոխ՝ ակադեմիական: Ստիպված եմ կրկնել հերթական անգամ՝ սա գիտության կազմակերպման գերմանա-ռուսական ավանդական ձեւն է, երբ գիտական հետազոտությունները կազմակերպվում են բուհական համակարգից դուրս, առանձին ինստիտուտներում, որոնք միավորված են Գիտությունների ակադեմիա անվան տակ: Չքննարկելով լավ ու վատ կողմերը՝ նշեմ, որ միայն հարուստ երկրները կարող են իրենց թույլ տալ նման համակարգ: Նույնիսկ մեզնից հարուստ Ռուսաստանը չի դիմանում այդ ֆինանսական բեռին, ուղիներ է որոնում համակարգը փոխելու: Կազմակերպման այլ ձեւ է համալսարանական գիտությունը, ինչը գոյություն ունի ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում: Փոխանակ ելնելով գոյություն ունեցող փաստերից, զբաղվելու հիմնական խնդրի ձեւակերպմամբ եւ այն լուծելու ուղիներ որոնելով՝ նախագծի հեղինակները դատարկաբանության մեջ «թաղում են» առանց այն էլ չքննարկվող հիմնահարցը՝ ինչպիսի գիտակրթական համակարգ ունենալ: Ակադեմիա բառը այս կամ այն ձեւով փաստաթղթի մեջ հանդիպում է 96 անգամ: Պարզվում է ակադեմիական կարող են լինել էթիկան, բարեվարքությունը, ազատությունը… Ամենազվարճալին «ակադեմիական շարժունություն» մեծ միտքն էր, որի մասին մտածելիս վեր է հառնում սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հզոր կերպարը: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու նրան ուղղված իմ նամակներն ու դիմումները կորան՝ «ակադեմիական շարժունությունն» է մեղավոր
Սասուն Գեւորգյանը նախագծից մի մեջբերում արեց՝ ցույց տալու, որ, ինչպես ինքն ասաց, բառաշատության տակ ոչինչ չկա․ «Որպես բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում պետական քաղաքականության խնդիր՝ ուսանողների, վարչական եւ ակադեմիական կազմի ակադեմիական շարժունության խթանումը, շարժունության ժամանակահատվածի վերջնարդյունքների ճանաչումը… Խնդիր եմ ասել՝ էլ դու սուս: Ու կարեւորը՝ հստակ ու հասկանալի, միանգամից բոլորը կսկսեն խթանել: Նախկինում ԳՊԿ մոգոնած «գիտահետազոտական տուրիզմը» եւ «բեկումնային տեխնոլոգիաները» նոր արժեւորում ստացան: Հիրավի հաշվետվություն գրողների մեծ բանակ ունենք՝ գործից հասկացող քիչ կա»:
Ըստ նրա՝ հեղափոխությունը գիտություն չի հասել եւ այսպիսի նախագծի պարագայում էական փոփոխությունների դեռ առնվազն մեկ տասնամյակ պետք է սպասել. «Մի բան ակնհայտ է՝ մոտակա տարիներին երկիրը «ֆինանսական դրախտ» չի դառնա: Գիտության կազմակերպման գոյություն ունեցող ակադեմիական ձեւը ենթադրում է լուրջ ֆինանսավորում, եւ ինչը, ավաղ, չունենք եւ մոտակա 5-10 տարում սպասելն անհիմն է: Եղած համակարգը «պուպուշացնելու» զառանցանքը օրենքի տեսքով ներկայացնող այս նախագիծ կոչեցյալը պետք է դեն նետել: Այն ոչինչ չփոխող «դատարկաբանություն» է: Եթե գիտական համակարգի հեղափոխությունը սա էր՝ ապա ես ասելու բան չունեմ՝ զբաղվեք: Վերջիվերջո, եթե գիտության ներկայացուցիչները 2-3 հոգուց բացի ձայն չեն հանում՝ երեւի եղած վիճակը նրանց բավարարում է: Եվ մի խնդրանք՝ քիչ խոսեք հեղափոխությունից: Արդեն ձանձրացնում եք: Գիտության կազմակերպման բնագավառում ոչ մի բան չի փոխել»:





























