ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտին տեղի ունեցած իր օգնականների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կրակել միգրանտների ոտքերի ուղղությամբ, որոնք կփորձեն Մեքսիկայի կողմից սահմանն ապօրինի հատել: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի աշխատակազմում մի քանի աղբյուրների:

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը հանդիպումներից մեկի ժամանակ Թրամփն առաջ է քաշել սահմանը հատելու պահին ապօրինի միգրանտների ոտքերի ուղղությամբ կրակելու գաղափարը: Ներկաները, որոնց թվում  են եղել այդ ժամանակ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային վերահսկման ծառայության նախկին պետ Քեւին Մաքելինենը, ԱՄՆ առաջնորդի խորհրդականներ Սթիվեն Միլերը եւ Ջարեդ Քուշները, ինչպես նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենին, մերժել են նախագահի այս նախաձեռնությունը որպես օրենսդրությանը հակասող:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Թրամփը մասնավոր զրույցներում արտահայտվել է միգրանտների նկատմամբ առավել արտասովոր միջոցառումների օգտին: Այսպես՝ NYT-ի տեղեկություններով, նա առաջարկել է սահմանին փոս փորել եւ այնտեղ տեղադրել ալիգատորների, անգամ հետաքրքրվել է նման նախագծի արժեքով: Դրանից զատ, Սպիտակ տան տերը հանդես է եկել այն բանի օգտին, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատին էլեկտրականություն անցկացվի, ինչպես նաեւ փշալար:

Թրամփի օրոք ակտիվացել է ապօրինի միգրանտների դեմ պայքարը՝ ԱՄՆ մտնելու փորձերի կանխումը եւ նրանց վտարումը, ում դա հաջողվել է: Դեռեւս 2016 թվականի նախագահական նախընտրական քարոզարշավում նա իր կողմնակիցներին խոստացել էր վարել ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն եւ ուժեղացնել սահմանային հսկողությունը: Սպիտակ տան տերը համոզված է, որ ապօրինի ներգաղթյալները հանցագործներ են:

Նա անցյալ տարվա հոկտեմբերին սպառնացել էր, որ հարավային սահմանը կփակի, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն իրենց երկրով Կենտրոնական Ամերիկայի պետություններից դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների հոսքը: Դրանից բացի, Թրամփը կարգադրել էր սահմանապահներին օգնության ուղարկել մի քանի հազար զինծառայողների: