Մենք առաջարկում ենք, որ հաստատությունների մակերեսը, որտեղ կազմակերպվելու ու անցկացվելու են ազարտային խաղեր, չգերազանցի 200 քառ.մետրը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ թվարկեց ավելի վաղ իր առաջարկած օրինագծի այլ լրացումներ, որոնք ստացվել են գործընկերներից, եւ որոնք հիմնականում տեխնիկական բնույթ են կրել:
Հիշեցնենք, որ այս օրինագծում խոսքը բուքմեյքերական ընկերությունների եւ վիճակախաղային էլեկտրոնային սարքերի գործունեության սահմանափակման մասին է: Նախատեսվում է հետագայում հանրապետությունում բուքմեյքերական կետերն ամբողջությամբ արգելել, բայց դա տեղի կունենա միայն 1,5 տարի հետո:
Օրինագծում սահմանվում է, թե ինչ է բուքմեյքերական ընկերությունը, ինչպես նաեւ դրա տարատեսակները: Արգելք է մտցվում նաեւ Հայաստանի տարածքում տեղական ցանցով արտասահմանյան ընկերությունների-տոտալիզատորների ծառայությունների գովազդի վրա:
Առաջարկվում է սահմանել տարիքային նվազագույն շեմ՝ 21 տարեկան, պարզաբանելով, որ խաղային հաստատություններում քաղաքացուն «խաղին» թույլտվություն տալուց առաջ աշխատակիցները պարտավոր են նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Ընդ որում՝ կգրանցվեն նաեւ այս հարցում վերահսկողությունը մեծացնելու այլ պահանջներ:
Դրանից բացի, առաջարկվում է անաշխատունակ ճանաչված անձանց մասնակցության սահմանափակում, հասարակական վայրերում արգելափակել ազարտային խաղեր կազմակերպողների կայքերը եւ կանխիկ միջոցներով վճարման սահմանափակումներ սահմանել: Նաեւ ընտանիքի անդամները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել դատարան՝ ընտանիքի այլ անդամի հասանելիությունը ազարտային խաղերին սահմանափակելու խնդրանքով, եթե վերջինի մոտ խաղամոլության նշաններ կան:
Խորհրդարանականների կարծիքով՝ նման կարգի հաստատությունների գործունեությունը պետք է արգելվի բնակելի գոտիների, բժշկական կենտրոնների, մշակութային ժամանցի հաստատությունների անմիջական մերձակայքում, ինչպես նաեւ վայրերի, որոնք պատմական եւ մշակութային արժեք են ներկայացնում:
Դրանից բացի, առաջարկվում է, որ խաղային ավտոմատները եւ այլ ազարտային խաղերը, ներառյալ տոտալիզատորները կարողանան գործել միայն դրա համար խիստ որոշված գոտիներում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում եւ Մեղրիում:
Այս պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է 1 մլն դրամի չափով տուգանք:
Կառավարության հաշվարկով՝ այսպիսի միջոցառումները էական վնաս չեն հասցնի պետական բյուջեին, իսկ բուն օրինագիծն ուղղված է երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի դեմ պայքարին, քանի որ, պատգամավորի կարծիքով, հանրապետության քաղաքացիները ազարտային խաղերի պատճառով հաճախ սպառնալիքի տակ են դնում ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքին՝ նրանց երբեմն զրկելով գոյատեւման վերջին միջոցներից:
Հիշեցնենք, որ այս օրինագիծն առաջացրել է զգալի հասարակական արձագանք:
Օրինագծի համահեղինակներն են Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը», վարչապետի զարմիկը): Նրանց կարծիքով՝ փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է ազարտային խաղերի դեմ պայքարում:





























