Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ամեն 3 ամիսը մեկ 12 հոգի Գյումրիի քաղաքապետարանը ստուգել են եւ ի ուրախություն մեզ, ես պարզ ճակատ կանգնած եմ ձեր առջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր քաղաքապետ աշխատած տարիներին չեն եղել կոռուպցիոն երեւույթներ, որոնց վերաբերյալ կարող են այսօր քրգործեր հարուցվեն:
«Մի մտածեք, մենք այնքան լավ բաներ ենք արել, որ հավանական է, որ Անդրկովկասի ամենաօրինակելի քաղաքապետարանն ենք եղել: Մեկ-մեկ ինձ ասում էին՝ պարոն Ղուկասյան էսքան գործը որտեղից ես անում, ես էլ ասում էի՝ ծախսային մասը տեսեք, ամենաէժան ու ամենաորակովը արել ենք մենք»,-ասաց նա:
Հարցին, թե եթե ազնիվ է աշխատել, որտեղի՞ց իրեն այն ունեցվածքը, որ հիմա ունի, Ղուկասյանն արձագանքեց. «Ես 4-րդ դասարանից աշխատել եմ, շառի-շուռի հետեւից չեմ ընկել, մինչեւ էսօր էլ աշխատում եմ: Ես եւ իմ եղբայրները ԽՍՀՄ ժամանակահատվածում ջիպերն էլ ենք ունեցել, երկուհարկանի բնակարաններ էլ ենք ունեցել, հիմա էլ բանկերի տակ ենք: Դուք սխալ եք ներկայացնում: Դուք ուղղակի գայլերին թողել, ընկել եք ուրիշների հետեւից: Միլիարդները թողել եք, ընկել եք ում հետեւից»:
Դիտարկմանը, որ աշխատավարձով հնարավոր չէր այդքան միջոցներ կուտակել, նա արձագանքեց. «Լենինականի կոոպերատիվ շարժման մեջ առաջին կոոպերատիվներն եմ ունեցել, գուլպա-նասկեղենի, տրիկոտաժի, անասնապահության համար առաջին ֆերմերն եմ եղել, Ռուսաստանում հսկայական գործունեություն եմ վարել: Արխային եղի, ինձ դրա համար ոչ ոք ոչ մի բան չի կարող ասել»:




























