«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների եւ  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։

ԼՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը եւ մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։

Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել այդ որոշումը, որի համաձայն դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազրությունները։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:

Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: