Իրաքում անվտանգության ուժերը ռազմական փամփուշտներով կրակ են բացել Բաղդադում բողոքի ցույցը ցրելու համար։ AFP-ը հայտնում է, որ նախօրեին ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների ընթացքում երեք ցուցարար էր զոհվել։

Ցույցը առաջին նշանակալի բողոքն էր վարչապետ Ադել Աբդել Մահդիի դեմ, որը մեկ տարի առաջ կառավարություն էր ձեւավորել։

Չորեքշքբթի օրը Բաղդադի Թահրիր հրապարակը, որտեղ հավաքվել էին ցուցարարները, շրջապատվել էր անվտանգության ուժերի կողմից։ Բացի քաղաքի կենտրոնից, բողոքի ցույցեր են անցել նաեւ Բաղդադի այլ շրջաններում։ Ոստիկանությունը փորձում է արցունքաբեր գազ կիրառելով եւ օդ կրակելով ցրել դրանք։

Ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր ցուցարարները բողոքել են կոռուպցիայի եւ գործազրկության դեմ։

Գործակալության տվյալներով, Բաղդադի հիվանդանոցներ է դիմել մոտ տասը մարդ, որոնց մեծ մասը տուժել է արցունքաբեր գազ շնչելուց։

Ցուցարարներից մեկը երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է, հայտնել են բժիշկները AFP-ին։ Այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 3-ի։

Երեքշաբթի ոստիկանությունը Թահրիրում ջրցաններ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել ցույցը ցրելու համար։