Amazon-ի հիմնադիր եւ Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը միացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանության մոտ Ջամալ Խաշոգջիի հոգեհանգստի արարողության մասնակիցներին, հայտնում է AFP-ը։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ լրագրողին այնտեղ էին սպանել։

Միջազգային իրավապաշտպան խմբերը կրկին դիմել են ՄԱԿ-ին՝ կոչ անելով սպանության լիարժեք հետաքննություն անցկացնել։

Խաշոգջին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որպեսզի ամուսնալուծության փաստաթղթեր ստանա։ Դրանք անհրաժեշտ էին իր հարսնացուի՝ Թուրքիայի քաղաքացի Խատիջե Չենգիզի հետ ամուսնանալու համար։ Վերջինս Խաշոգջիի հուշարձան է բացել հենց հյուպատոսության առջեւ։

«Իմ կյանքի վատագույն տարուց հետո, ես կանգնած եմ այստեղ կոտրված, սակայն՝ հպարտ։ Ես դեռեւս արդարություն եմ փնտրում։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվել նրա մարմնի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի նրա ընկերները ազատվեն բանտերից։ Ես ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր իշխանության մեջ են, պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար»,- ասել է նա։

Բեզոսը կարճ ելույթով է հանդես եկել։ Դիմելով Չենգիզին՝ նա ասել է․ «Դուք մեր սրտերում եք։ Մենք ձեր կողքին ենք, եւ դուք միայնակ չեք»։

Միջազգային իրավապաշտպան խմբերն այս տարելիցն օգտագործել են, որպեսզի վերսկսեն ՄԱԿ-ի ղեկավարությամբ հետաքննություն անցկացնելու կոչերը։

«Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոչընդոտում են Խաշոգջիի սպանության համար համապատասխան պատասխանատվություն կրելուն»,- ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ։