Antelope Island արգելոցում զբոսնելու ժամանակ ամերիկացի Կայլեր Բորջեսի վրա բիզոն է հարձակվել։ Երեք ամիս անց Բորջեսը իր հարսնացուի՝ Քեյլի Դեւիսի հետ վերադարձել է նույն արգելոց, որպեսզի դիտեն մայրամուտը, եւ կրկին հարձակման է ենթարկվել, հայտնում է BBC-ն։
Առաջին հարձակումը տեղի է ունեցել հունիսին։ Կայլեր Բորջեսը զբոսնելիս է եղել ծանոթ եւ զբոսաշրջիկների շրջանում հայտնի արահետով, երբ տեսել է երկու կենդանու, որոնցից մեկը վազել է նրա ուղղությամբ։ Բիզոնը պոզերով հարվածել է Բորջեսին՝ վնասելով ազդրը եւ թեւատակը։ Տղամարդն ընկել է, որից հետո բիզոնը սմբակով նրա գլխին է հարվածել։ 22-ամյա տղամարդու ոսկորը ճաքել է, իսկ թոքը՝ ծակվել։
Նրան ուղղաթիռով տեղափոխել են Օգդեն քաղաքի հիվանդանոց։
Երեք ամիս անց Կայլերը իր հարսնացուի՝ Քեյլիի հետ է գնացել զբոսնելու նույն արահետով։ Նրանք ուզեցել են մայրամուտը դիտել, եւ զույգի վրա կրկին բիզոն է հարձակվել։
Դեւիսը պատմել է, որ երբ անցնելիս են եղել բիզոնների մոտով, արահետով հեծանվորդների խումբ է անցել, որը հավանաբար վախեցրել է կենդանիներին, եւ նրանցից մեկը մոտեցել է աղջկան, ու հանկարծ Քեյլին հասկացել է, որ ինքն արդեն օդում է։
Որոշ ժամանակ նա պառկած է եղել գետնին, մինչ բիզոնը հոտոտել է նրան։ Փեսացուն նախկինում ասել էր նրան, որ նման դեպքերում ավելի լավ է անշարժ մնալ։ Աղջիկն այդպես էլ վարվել է, եւ բիզոնը հոտոտելուց հետո հեռացել է։
Ամեն ինչ վերջացել է կոտրված ոտնաթաթով եւ ազդրի վրա վնասվածքով։ Հիվանդանոցում Քեյլին իմացել է, որ բիզոնի պոզն իր ոտնաթաթը ծակել եւ մյուս կողմից դուրս է եկել։





























