ԱՄՆ իշխանությունները մտադիր են սկսել ԴՆԹ նմուշներ հավաքել միգրանտներից եւ ապաստան հայցողներից՝ տվյալների բազա մտցնելու համար, որում ամփոփվում են հանցագործների մասին տեղեկությունները: Այս մասին  հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ նոր միջոցառումը, եթե ընդունվի, կարող է տարածվել մոտ 40 հազար մարդու վրա, որոնք գտնվում են ԱՄՆ տարածքում՝ պահման հատուկ կենտրոններում: Այսպիսով, զգալիորեն կընդլայնվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վերահսկվող տվյալների բազան: Պարբերականը նշում է, որ նախկինում այն պարունակում էր միայն այն մարդկանց մասին տվյալները, որոնց նվազագույնը ներկայացվել են հանցագործությունների կատարման պաշտոնական մեղադրանքներ:

NYT-ն նշում է, որ ԴՆԹ նմուշներ կարող են վերցվել նաեւ երեխաներից, ինչպես նաեւ օրինական հիմքերով ապաստան հայցողներից: Պարբերականը ներկայացրել է իրավաբանների կարծիքը, որոնք նշում են, որ նման միջոցառման հնարավոր ներդրումը հարցեր է առաջացնում միգրանտների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:

Թրամփի օրոք ակտիվացել է ապօրինի միգրանտների դեմ պայքարը՝ ԱՄՆ մտնելու փորձերի կանխումը եւ նրանց վտարումը, ում դա հաջողվել է: Դեռեւս 2016 թվականի նախագահական նախընտրական քարոզարշավում նա իր կողմնակիցներին խոստացել էր վարել ավելի խիստ ներգաղթային քաղաքականություն եւ ուժեղացնել սահմանային հսկողությունը: Սպիտակ տան տերը համոզված է, որ ապօրինի ներգաղթյալները հանցագործներ են:

Նա անցյալ տարվա հոկտեմբերին սպառնացել էր, որ հարավային սահմանը կփակի, եթե Մեքսիկայի իշխանությունները չկանգնեցնեն իրենց երկրով Կենտրոնական Ամերիկայի պետություններից դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների հոսքը: Դրանից բացի, Թրամփը կարգադրել էր սահմանապահներին օգնության ուղարկել մի քանի հազար զինծառայողների: