Վերջերս կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռերի» հետ կարող է լինել իշխանության մեջ հենման կետի հնարավոր փոփոխության ակնարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կարող է նշանակել, որ եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց այնպես պահեն, ինչպես պահել են Ստամբուլյան կոնվենցիայի եւ Ամուլսարի հարցերում, ապա Փաշինյանը կարող է այլընտրանքի դիմել: «Սա կարող է այն բանի ակնարկը լինել, որ Փաշինյանը լուրջ աջակցություն չի զգում, իսկ եթե նրա թիմն իր համար նեցուկ չլինի, ապա նա կարող է շտկումներ կատարել»,- պարզաբանեց նա:

Քաղաքագետը հավելեց, որ այս հանդիպումը կարող է նաեւ պատասխան լինել ընդդիմության ակտիվությանը, այսպես կոչված՝ ռոեւանշիստներին հակազդեցություն: Հակոբյանը նշեց, թե ոմանք այս հանդիպումը կապում են ուժային կառույցներում պաշտոնանկությունների հետ, սակայն դրա վրա, այդ թվում՝ հատուկ ծառայություններում կադրային հարցերի վրա ազդում են այլ, ավելի ազդեցիկ ուժեր, քան «Սասնա ծռերն» է: «Սա կապված է արտաքին գործոնների, ինչպես նաեւ ներքաղաքական նպատակահարմարության հետ: Հնարավոր է, որ Փաշինյանի վրա կարող է ճնշում գործադրվել, այդ թվում՝ նաեւ քաղաքացիական հատվածի կողմից, բայց, ամեն դեպքում, որոշումները նա է ընդունում: Դեր է խաղում նաեւ անձնական նախապատվությունը ընդհանրապես իրավիճակը հաշվի առնելով»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անսպասելիորեն ընդունել էր «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարությանը: Սա տեղի էր ունեցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցով իշխանություններին ոչ ձեռնտու ՍԴ որոշման ֆոնին: Մամուլում նաեւ տեղեկություն է տարածվում այն մասին, որ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» համաձայնության են եկել 2021 թվականի կեսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: