Երկրի բնակչության շրջանում վերջին 1,5 տարում դիտվում է պատվաստումների հանդեպ տոտալ անվստահություն: Հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միասնական առողջություն» հասարակական շարժման կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տուժել է իմունային կանխարգելման ամբողջ համակարգը, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխման համար պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի քարոզչության հետեւանքով:  

«Մենք հիշում ենք, որ ինչ-որ պահի բոլորը խոսում էին այդ պատվաստանյութի կասկածի չենթարկվող օգուտի մասին: Հասկանալի է, թե ումից էր բխում այդ քարոզչությունը: Դա նպատակ ուներ ծառայել ներքաղաքական եւ ներկուսակցական շահերին: Ուշագրավ է, որ այդ շրջանում հրաժարվում էին խոսել բարձրորակ մասնագետները, քանի որ վախենում էին աշխատանքը կորցնելուց՝ հաշվի առնելով, որ մենք դեռեւս իրավական պետությունում չենք ապրում, ինչի վկայությունն է պետական կառույցների վրա տարբեր կարգի ճնշումը»,- նշեց նա:

Նշենք, որ Գրիգորյանի քննադատած տխրահռչակ «գարդասիլով» պատվաստման ծրագիրը հաջողությամբ շարունակվում է: 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանը արգանդի վզիկի քաղցկեղի կանխման համար պապիլոմա վիրուսի դեմ սկսել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին: