Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մտադիր է մեկ տակառ սեփական արտադրության գինի նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հոկտեմբերի 7-ին նշելու է ծննդյան օրը։ Ուրբաթ հանդես գալով N4 մոլդովական հեռուստաալիքով՝ Մոլդովայի նախագահն ասել է, որ ցանկանում է նվերը մատուցել ԱՊՀ պետությունների գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Աշգաբադում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուրբաթ կտեսնվենք Աշգաբադում։ Գաղտնիքները նախապես չեն բացվում, բայց մի քանի գաղափարներ կան։ Օրինակ, երիտասարդ գինի Սադովայից, որը ես ինքս եմ պատրաստել։ Սպիտակ եւ կարմիր։ Երբ նա եկել է Մոլդովա, մի քանի անգամ ինձ ասել է, որ մենք լավ գինի ունենք, հատկապես սեզոնին։ Մենք կարող ենք դա կազմակերպել»,- ասել է Դոդոնը։
Լրագրողի հարցին, թե Պուտինը, օրենսդրությանը համապատասխան, կարող է չընդունել նվերը, Դոդոնը կատակել է. «Իսկ ի՞նչ անենք մեկ տակառ գինին, որով պետք է հյուրասիրվենք։ Տանենք թանգարա՞ն»։
ԱՊՀ գագաթաժողովին, որը տեղի էր ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնեւում, Մոլդովայի ննախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը Պուտինին նվիրել էր բյուրեղյա կոկորդիլոս՝ բացատրելով, որ միակ կենդանին է, որը չի ընկրկում։ Ռուսաստանի նախագահին նվիրել էին նաեւ մոլդովական գինու անձնական հավաքածու, որը պահվում է Կրիկովի հանրահայտ գինու մառաններում։




























