Հունաստանը հայտարարել է, որ կոչ է անելու ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել այն անդամ երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին, հաղորդում է AFP-ը:

ԵՄ կենտրոնական եւ արեւելյան մի խումբ երկրներ, ներառյալ՝ Հունգարիան, Լեհաստանը եւ Չեխիան, ներկայացել են փախստականների քվոտաների շուրջ պարտավորությունների դեմ, ինչը, Աթենքի մեկնաբանմամբ, անարդարացիորեն ծանրաբեռնում է սահմանամերձ անդամ պետություններին, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան եւ Իտալիան:

«Ես կբարձրացնեմ կոնկրետ պատժամիջոցների մասին հարցը եվրոպական երկրների համար, որոնք հրաժարվում են մասնակցել եվրոպական մակարդակում փախստականների արդարացի բաշխման մեջ»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Դա երկերեսություն է»,-հավելել է նա: «Դուք չեք կարող օգտվել առավելություններից եւ չընդունել 1000 կամ 2000 փախստականերին որպես ԵՄ խնդրի լուծման բաղադրիչ»:

Թուրքիայից ժամանող միգրանտների եւ փախստականների հոսքը դարձել էր փախստականների ճամբարների գերծանրաբեռնվածության պատճառը սահմանամերձ հունական կղզիներում:

Միգրացիայի հարցով ԵՄ հանձնակատար Դիմիտրաս Ավրամոպուլոսը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը մեկնել էին Թուրքիա, այնուհետեւ՝ Հունաստան: Եվրոպական պաշտոնյաները պնդում են Հունաստանից արտաքսել փախստականներին դեպի Թուրքիա, որոնց ապաստան հայցելու դիմումները մերժվել են: