Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետեւանքով հնարավոր պատժամիջոցների մասին հարցը կբարձրացվի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հոկտեմբերի 14-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտական ծառայությանը:

Հայտարարությունն արվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Կիպրոսի ԱԳ նախարարի միջեւ տեղի ունեցած զրույցի արդյունքում:

«Թուրքիան պետք է ընդունի Կիպրոսի կառավարության հրավերն ու քննարկի բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման հարցը երկխոսության եւ բանակցությունների հիման վրա բարի կամքի ենթատեքստում եւ միջազգային իրավունքի ու բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներն ամբողջովին պահպանելու պայմանով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են հասցեական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները Թուրքիայի կողմից շարունակվող հորատման գործունեության ֆոնին: «Բարձր ներկայացուցիչը նաեւ որոշում է կայացրել, որ այդ հարցը պետք է ներառվի Օտարերկրյա գործերի խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը կկայանա Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ն արդեն սպառնացել էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում չկասեցվող հորատման աշխատանքների պատճառով: