Հոկտեմբերի 4-ին ժ.12.55-ին ոստիկանություն զանգահարած Քարակերտի բնակչուհին հայտնեց, որ իր տնից կատարվել է գողություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժ.10.30-ից մինչեւ ժ.12.30-ն ընկած ժամանակահատվածում, տանտիրուհու սկեսրոջ եղբայրները օգտվելով տան 2-րդ հարկի դռան բաց լինելու հանգամանքից, ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկը դանակով պատռելու եղանակով, գողացել են տարբեր քանակությամբ ՀՀ դրամ եւ ԱՄՆ դոլար:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժ.17.25-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկվել եղբայրները որտեղ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հագուստի տարբեր գրպաններից եւ գուլպայի միջից հայտնաբերվել է ընդհանուր 860.000 դրամ գումար։

Նա տարված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, եւ այն գողացված գումարի մի մասն է, որը պահել է իր մոտ, իսկ գումարի մյուս մասն առանց հաշվելու տվել է իր եղբորը՝ անձնական կարիքները հոգալու համար:

Եղբայրները ներկայացվել են Արմավիրի քննչական վարչություն հարցաքննության:

Եղբայրներից մեկը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: