«Հայելի» ակումբի վրա ոտնձգությունը, անկախ ազդարարված դրդապատճառից, ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր մամուլը ճնշելու փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Կարելի է չկիսել ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականությունը, վերլուծություններն ու մեկնաբանությունները, սակայն անթույլատրելի է լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ։
Այս ամենի արմատները պետք է փնտրել երկրում տիրող մթնոլորտի, հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու, ընտրովի արդարադատության, այլակարծության ցանկացած դրսեւորում մերժելու մեջ։
Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է եւ բերելու է ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման։
Անհրաժեշտ է միահամուռ կանխել նման անթույլատրելի ոտնձգությունները, այլապես սա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ եւ ունենալ բումերանգի իր էֆեկտը։
Հուսանք, որ այս դեպքում ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։





























