Անհրաժեշտ է համալիր աշխատանք տանել այն առումով, որ քրեակատարողական հաստատությունում գտնվող մարդուն պատրաստել պատիժը կրելուց հետո կյանքին։ Այս մասին հոկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքերով, անհրաժեշտ է ապահովել ընտանիքի հետ կապի անընդհատությունը, դատապարտյալի մոտ ձեւավորել աշխատանքային սովորություններ, որպեսզի ազատազրկման վայրը լքելուց հետո կարողանա հեշտությամբ ինտեգրվել հասարակությանը։
«Այսօր, ցավոք, շատ դեպքեր կան, երբ մարդը զրկվում է ընտանիքի հետ կապից, կորցնում է աշխատանքը, եւ պատիժը կրելուց հետո պատշաճ կերպով սոցիալականացվելու հնարավորություն չի ունենում։ Տվյալ դեպքում պետք է ակտիվացնել փորձաշրջանի ինստիտուտը, պայմանական-վաղաժամ ազատելու համակարգը, որպեսզի կարելի լինի հասկանալ՝ պատրաստ է արդյոք մարդը դրան, եւ ինտեգրման ինչ պայմաններ է ստեղծել պետությունը նրա համար»,- նշեց նա։
Արման Թաթոյանն ընդգծեց միջազգային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային դատարանների նախադեպերը հաշվի առնելու կարեւորությունը։





























