Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սկզբում` վերակենդանացման, ապա` լյուքս բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից: Վազգեն Խաչիկյանի կինը` մշակույթի նախկին փոխնախարար Լիլիթ Ասատրյանը հայտնեց, որ ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ անսպասելի վատացել է նրա ինքնազգացողությունը: «Սկզբում անհասկանալի էր վատ ինքնազգացողության  պատճառը, որովհետեւ ինքն էլ չէր կարողանում բացատրել, թե ինչից է հատկապես գագատվում: Սակայն բժշկական հետազոտություն անցնելուց հետո մասնագետները նշեցին, որ նրա վիճակի պատճառը գուցե եղանակային պայմաններն են, ինչն էլ ճնշման տատանումներ եւ նյարդերի լարվածություն է առաջացրել»,-NEWS.am-ի թղթակցին հայտեց Լիլիթ Ասատրյանը:

Նա նաեւ նշեց, որ այս պահին ամուսինն իրեն համեմատաբար լավ է զգում եւ գանգատներ չունի:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Վազգեն Խաչիկյանը  մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 8-ին սահմաններում, հարազատների ուղեկցությամբ սկզբում  տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում: Բժշկի խոսքով` «հիվանդի մոտ ուղեղային երեւույթներ են եղել»:

Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են՝ անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում: Նման երեւույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով՝ մարտի 31-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանին Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին հսկայական չարաշահումներ: Որոշ ժամանակ անց նա հրաժարական էր ներկայացրել: