ՀՀԿ խորհրդի անդամ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկանցում է «Ժամանակ»-ը:
Ընդ որում, ըստ թերթի, նա տեղափոխվել է ոչ թե Երեւանի, այլ Ալավերդու հիվանդանոց: Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ փաստը` ասելով, որ եղբոր մոտ ճնշման տատանումներ են եղել: Նա հանձնել է անալիզներ, եւ հիմա սպասում են դրանց պատասխանին` համալիր պատկերն իմանալու համար:
Իսկ մինչ այդ, Վազգեն Խաչիկյանին հոսպիտալացրել են. նա այժմ էլ գտնվում է հիվանդանոցում: Ըստ շրջանառվող լուրերի` նա խնդիրներ ունի գլխուղեղի արյան շրջանառության հետ:
Պարբերականը հիշեցնում է, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին հսկայական չարաշահումներ:
Ընդ որում, ստուգվել էր դեռ 52 տարածքային կենտրոնից 14-ը: Այդ ամենից հետո Խաչիկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրաժարական էր ներկայացրել:




























