Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Արդարադատության ակադեմիայի հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի փոխնախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, դատավոր Լուիսա Նապոլիտանոյին եւ դպրոցի կառավարման խորհրդի անդամ, դատավոր Լուկա Պերիլիին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը եւ Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց երկու երկրների դատական իշխանությունների միջեւ սերտ համագործակցությունը, միջազգային լավագույն փորձի փոխանակման եւ տեղայնացման հարցում նաեւ իտալական դատական դպրոցի դերը:

Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին դատավորների թեկնածուների ընտրության, դատավորների վերապատրաստման եւ կարգապահական վարույթների հարուցման իտալական փորձով: Անդրադարձ եղավ նաեւ դատավորների գնահատման համակարգի տարբեր բաղադրիչների արդյունավետ կիրառման գործիքակազմերին, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանում դատավորների գնահատման համակարգի ներդրման ճանապարհին:

Դեսպան Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում կարեւորեց Հայաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմանի առկա հարաբերությունների ամրապնդումը եւ շեշտեց իր անմիջական հետեւողականությունն այդ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: 

Լուկա Պերիլին էլ իր հերթին փոխանցեց Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատրաստակամությունը երկու երկրների դատական բարձրագույն մարմինների միջեւ փոխգործակցության ակտիվացման նպատակով, որի ապացույցը Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի անդամների առաջիկա այցն է Հայաստան: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Իտալիայի դատական իշխանություններն միջեւ նմանություններին եւ ընդհանուր գծերին, որոնցով էլ պայմանավորված՝ ավելի արդյունավետ կդառնա երկու երկրների դատական մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը: