Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հայտարարել է, որ ԱՄԷ-ն իր երկրին ֆինանսական օգնություն է խոստացել: Այս մասին նա հայտարարել է Աբու Դաբիում երկօրյա հանդիպումների արդյունքներով, հաղորդում է Reuters-ը:

«Մեզ ֆինանսական օգնություն են խոստացել, որը կվերածնի լիբանանյան տնտեսությունը: Շուտով լավ նորություններ կլսեք, լինի դա ներդրումներ կամ օգնություն»,- հայտարարել է Հարիրին:

Երկիրը, որի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքը կազմում է մոտ 150%, փորձում է նաեւ վերականգնել լիբանանյան ֆունտի նկատմամբ կորցրած վստահությունը: Երկրի ԿԲ-ն պարտքը մարելու համար օգտագործել է սեփական արժութային պահուստները:

Լիբանանում ԱՄԷ-ի զգալի ներդրումները նոր փուլ են նշանավորում:
ԱՄԷ-ի համար շահավետ է քաղաքական ազդեցության ստեղծումը՝ Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման դեմ հակազդելու համար, ինչպես նաեւ հնարավորություն է ներդրումներ կատարել Լիբանանի վերածնվող նավթագազային ոլորտում կամ նավահանգստում: