Ղարաբաղյան բանակցություններում առաջընթացը պայմանավորված է կողմերի կառուցողական երկխոսության պատրաստ լինելով, այնինչ Ադրբեջանը դրան պատրաստ չէ: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հավելելով, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն առավելագույնն արել են այդ փոխզիջումային տարբերակով գնալու համար:
«Նախ, շատ արդարացի կլիներ պահանջը, որպեսզի բանակցություններից առաջ Ադրբեջանը վերադարձներ այն օկուպացված տարածքները, որը նա օկուպացրել է ԼՂՀ-ից: Ի դեպ սպասվում է Մինսկի խմբի դաշտային առաքելություն նաեւ այդ տարածքներում եւ դա հավաստիացրել են նաեւ համանախագահները: Այսինքն Ադրբեջանի կողմից օկուպացված՝ ԼՂՀ տարածքներում: Հաջորդը՝ շատ արդարացի կլիներ, եթե հայկական կողմերը պահանջ դնեին նախ եւ առաջ վերադարձնել այդ տարածքները, եւ դա կլինի որոշակի ցուցանիշ-ապացույց, որ դու այլեւս չես փորձելու հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Երկրորդը՝ չդրվեց արդարացի պահանջ՝ առաջին հերթին ճանաչել ԼՂՀ-ն:
Բաքվի իշխանությունների դեմքը փրկելու համար միջնորդներն առաջարկեցին այսպես կոչված հետաձգված հանրաքվեն, որի արդյունքները պարտադիր են բոլոր կողմերի համար: Վերջապես, վերջերս, ՀՀ նախագահը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք առաջ շարժվելու երեք սկզբունքների հիման վրա՝ այսինքն՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Իսկ ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը: Նա անընդհատ խոսում է ուժի կիրառման մասին, որը ամենեւին հայկական կողմերին չի վախեցնում, երկրորդը նա շատ յուրովի է մեկնաբանում ազգերի ինքնորոշումը՝ պատկերացնում է Ղարաբաղը միայն իր կազմում եւ երրորդը, տարածքային ամբողջականությունը ընդունում է, բայց իր յուրովի մեկնաբանությամբ: Այդպես առաջ շարժվել չի կարելի:
Եթե ավելացնեմ եւս մեկ հանգամանք, դա հետեւյալն է, որ նա անընդհատ փորձում է վարկաբեկել Մինսկի Խումբը եւ հարցը տեղափոխել այլ ատյաններ, ապա ակնհայտ է դառնում, որ հեռանկարը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը եւս դրսեւորի կառուցողական մոտեցում այս հարցում»,- ասել է նա:





























