2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերն ավելի քիչ են լինելու (860 միլիարդ դրամ), քան 2009 թվականին (945 միլիարդ դրամ): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ընդգծլով, որ պահպանվելու են բոլոր սոցիալական, ինչպես նաեւ ազգային անվտանգության հետ կապված ծախսերը: փոխարենն ամբողջությամբ զրոյացվել են պետական պահպանության ծախսերը սարքավորումների եւ մեքենաների ձեռքբերման մասով, իսկ գործուղումները կրճատվել են կիսով չափ: «Մենք անցնում ենք „էկոնոմ“ ռեժիմի, որն իրականացնելու ենք շատ շրջահայաց»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, բյուջեում կնվազեցվեն նաեւ կապիտալ ծախսերը, բայց դա փոխհատուցվելու է դրսից ներգրավված միջոցների հաշվին (Համաշխարհային բանկ, Ասիական բանկ, Եվրոպական բանկ)` ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի եւ այլ ենթակառուցվածքներում ներդրված միջոցներով:

Հարցին, թե արդյո՞ք 2010 թվականի բյուջեով նախատեսվում է աշխատավարձերի կամ թոշակների բարձրացում, Տ. Դավթյանը պատասխանեց, որ որեւէ բարձրացում նախատեսված չէ, կլինեն միայն աշխատավարձերի հաշվարկային բարձրացումներ, կապված ստաժի հաշվարկման հետ: «Այս պահի դրությամբ նման բարձրացումների հնարավորությունները չկան»,-խոստովանեց նա:

Իսկ 2010-ին դրսից վարկային միջոցների ներգրավում նախատեսվո՞ւմ է, հարցին էլ արձագանքեց. «Մենք դրսից նոր միջոցներ ներգրավելու խնդիր չունենք, քանի որ այնքան շատ ենք վերցրել, որ դրա կարիքը բոլորովին չկա: վերցված միջոցները կհերիքեն նաեւ այս տարի: Իհարկե կլինեն ենթակառուցվածքների ֆինանսավորմանն ուղղված կապակցված վարկեր, բայց բյուջեի ֆինանսավորմանն ուղղված վարկեր չեն լինի»: Նշենք, որ նախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե որքա՞ն է կազմելու մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը 2009-ին եւ 2010-ին: