Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համատեղ կազմակերպված «Doing Business 2010» թեմայով քննարկմանը:

Քննարկումը նվիրված է բիզնես միջավայրի խնդիրներին, որոնք հիմնված են «Doing Business 2010»-ի հետազոտությունների վրա: Հետազոտության խորագիրն է «Բարեփոխվելով դժվար ժամանակներում», որ թվով 7-րդ տարեկան զեկույցն է` հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից:

Զեկույցում նշվել է, որ այս տարի Հայաստանն իր դիրքերը բարելավել է` անցյալ տարվա 50-րդ տեղից հասնելով 43-րդին համաշխարհային 183 տնտեսությունների շարքում:

ՀՀ վարչապետը նշել է, որ չնայած առաջընթացին, լուրջ ու հետեւողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն օրենսդրության, այլեւ վարչարարության պրակտիկայի բարելավման ուղղությամբ: Տ. Սարգսյանը Հայաստանի դիրքի յոթ տեղով բարձրացումը գոհացուցիչ չի համարել, հավելելով, որ այս առումով անելիքներ կան: Դրանցում հաջողություն ունենալու գործում կարեւոր է մասնավորի եւ հասարակական կազմակերպությունների ու պետության գործակցությունը: