«Գազպրոմը» Հայաստանին պետք է գազ մատակարարի այն գնով, ինչ գնով որ մատակարարում է իր երկրի սպառողներին: Այս մասին գազի սակագների ուսումնասիրության նպատակով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ չի ընդունում, երբ համեմատության մեջ են դիտարկում Հայաստանին եւ այլ երկրներին մատակարարվող գազի սակագները, քանի որ Հայաստանի դեպքում իրավիճակը հիմնավորապես այլ է:

«Որեւէ մեկը չի կարող նշել որեւէ երկիր, որտեղ տվյալ երկրի ազգային կանզմակերպությունը` ի դեմս «Հայռուսգազարդի», իր բաժնետոմսերի 80 տոկոսը փոխանցի մի այնպիսի երկրի ազգային կազմակերպությանը, ինչպիսին «Գազպրոմն» է եւ այդ կազմակերպությունը թելադրի միջազգային գների խաղի կանոն»,-նշեց Մինասյանը: Նրա խոսքով` ՌԴ-ն առնվազն պետք  է կիրառի այնպիսի քաղաքականություն, ինչպիսին կիրառում է Ռուսաստանի ներսում սպառողներին գազ մատակարարելիս: «Սա է մեզ հիմք տալիս` «Գազպրոմի» առաջ այսպիսի պահանջ դնել: Հակառակ դեպքում` ինչո՞ւ ենք բաժնեմասերի 80 տոկոսը տվել նրան: Սա բիզնես գործարք չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ էներգետիկ անվտանգությունը նաեւ քաղաքականություն է եւ շատ լուրջ քաղաքականություն»,-նկատեց պատգամավորը:

Լսումներին ներկա մեկ այլ դաշնակցական պատգամավոր` Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ սպառողների համար գազի միջին գինը` 283 ԱՄՆ դոլար,  ուռճացված է, ուստի պետք է վերանայվեն սակագնի սահմանման բոլոր հաշվարկները, ինչը պետք է անի այդ նպատակով ստեղծվելիք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը:

«Ճիշտ է, մենք փորձագետների պակաս կունենանք, այլ դժվարություններ կունենանք, բայց հասարակության հավատը, որ իրեն չեն խաբում, կվերականգնվի: Մենք վստահ ենք, որ հնարավոր է դա անել»,-հույս հայտնեց պատգամավորը:

Լսումներին ներկա ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ քննարկման ընթացքում բարձրացված շատ հարցերի վրայով քննարկման մասնակիցները փորձեցին «սիրողական մակարդակով անցնել»: Նա նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կարիք չկա, քանի որ գազի հետ կապված Կառավարությունն ու ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը  իրենց լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում են: «Ուրեմն, էս բոլորը հեչ, մի հատ էլ ժամանակավոր հանձնաժողո՞վ ստեղծենք»,-նկատեց Մովսիսյանը: 

Դաշնակցական պատգամավորները պնդեցին, որ հանձնաժողովի ստեղծումը անհրաժեշտություն է, իսկ լսումների ավարտից հետո Արծվիկ Մինասյանը միջանցքում Էներգետիկայի նախարարի հետ ճեմելիս երկար ժամանակ  փորձում էր համոզել, որ քննարկման ժամանակ ներկայացված փաստարկները ծանրակշիռ էին,  մտահոգությունները` տեղին: Մինասյանը, Մովսիսյանն այնուհետ անցան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կաբինետ, ուր քիչ անց նրանց միացան նաեւ քննարկման ՀՀԿ-ական մասնակիցները` Վազգեն Կարախանյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Վարդան Այվազյանը: Նրանք քննարկում ծավալեցին սուրճի եւ սիգարետի ուղեկցությամբ: