Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` ապրիլի 4-ին հանձնարարել է քննարկել ապրիլի 1-ից մայրաքաղաքի մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին որոշմանը  հաջորդած   Երեւան քաղաքում հաշվառում չունեցող քաղաքացիների կողմից բարձրացված հարցը եւ լուծումներ առաջարկել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի մոտ քննարկվել եւ համապատասխան առաջարկություններ են  ներկայացվել Երեւանի քաղաքապետին: 

Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանի որոշմամբ, Երեւան քաղաքի ենթակայության մանկապարտեզներում երեխայի նախադպրոցական կրթությունը իրականացվում է  անվճար, եթե`

ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երեւան քաղաքում,

բ. երեխայի ծնողները  ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երեւան քաղաքում եւ չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,

գ. երեխայի ծնողները ազատամարտիկներ են, 

դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երեւան քաղաքում:

Որոշման մեջ  չներառված ծնողների երեխայի համար Երեւան քաղաքի ենթակայության մանկապարտեզներում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 (ութ հազար) դրամ`  նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18000 դրամ  ծախսի դիմաց: