«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի, ում ենթադրաբար ոչնչացրել են Իդլիբ նահանգում ԱՄՆ ուժերի հատուկ գործողության ժամանակ, հնարավոր ժառանգորդն է Աբուդալլահ Քարդաշը: Newsweek ամսագիրը հայտնել է, որ ալ Բաղդադին դեռեւս օգոստոսին Քարդաշին նշանակել էր խմբավորման բարձր պաշտոնի:
Հետախուզությունում ամսագրի անանուն աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում ալ Բաղդադին չէր իրականացնում խմբավորման ռեալ ղեկավարումը, եւ Քարդաշը, փաստորեն, դարձել է նրա ժառանգորդը: «Քարդաշն անվանական առաջնորդ էր: Ալ Բաղդադին չէր մասնակցում գործողություններին եւ ամենօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյուրը: - Այն ամենը, ինչ որ նա անում էր՝ այո կամ ոչ ասելն էր, նա ծրագրմամբ չէր զբաղվում»:
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հնարավոր ժառանգորդների թվում նշել էր ալ Բաղդադիի երկու մերձավորագույն օգնականներին՝ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին եւ Աբու Օսման ալ Ֆարանսիին:





























