Ապարանի վարչակազմի ղեկավար  Կարեն Եղիազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա վստահ է` գործը կարճվելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կ.Եղիազարյանը:

«Քննությունը կպարզի եւ բոլորի համար պարզ կլինի: Հուսով եմ շատ լավ նախաքննություն է լինելու, գործը կարճվելու է: Եթե ես այդ ժամանակահատվածում չեմ աշխատել,ինչպե՞ս տեսնեմ իմ մեղքը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապարանի համայնքապետի դեմ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, ըստ օրենքի, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառուցապատող անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել  վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարանի բնակչին թույլատրելով   առանց թույլտվության ինքնակամ շինություն կառուցել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  ստորագրությունը չհեռանալու մասին:

Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։