Կարծում եմ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի համար կարեւոր է, որպեսզի գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, այդ հարցով «նորմալ խոսակցություն է ընթանում»։ «Դա խոսակցություն է ռազմավարական դաշնակիցների միջեւ, եւ այն կհանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ես դրանում համոզված եմ։ Մեզ մոտ Հայաստանում այժմ տնտեսության մեջ շատ լավ դինամիկա կա։ Այդ հարցը մեզ համար կարեւոր է ոչ միայն գազի գնի առումով, դա տնտեսական զարգացման հարց է»։

Այն հարցին, թե որ գինը չի կոտրի այդ դինամիկան, Փաշինյանը պատասխանել է, որ դա արդեն հաշվարկների հարց է, եւ մենք այդ հաշվարկներով այժմ զբաղվում ենք։ «Լուծումը դաշնակցային կլինի։ Այլ կերպ չի կարող լինել եւ չպետք է լինի»։ Նա նշել է, որ Հայաստանում գազի ներքին գինը վերջին մեկ տարվա ընթացքում չի փոխվել։ Այն ակնարկին, որ գնման գինը փոխվել է դեպի աճման կողմը, վարչապետը ասել է, թե «դա այլ հարց է»։ «Դա մեծ նշանակություն չունի Հայաստանի ներսում սպառողների տեսակետից։ Մեզ համար կարեւոր է, որ «Գազպրոմ-Հայաստանի» գործերը կարգին լինեն։ Եւ դա նույնպես, կարծում եմ, նույնպիսի տնտեսական հարց է։ Մենք պետք է մշակենք այնպիսի բանաձեւեր, որ «Գազպրոմ-Հայաստանի» գործունեությունը արդյունավետ լինի եւ գազի գինն էլ արդյունավետ լինի»։

Փաշինյանը նշել է, թե «խոսքն այն մասին է, որ գինը շահավետ լինի Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չկոտրվի տնտեսական այն աճն ու տեմպը, որն արտահայտվում է տնտեսական դինամիկայում»։ Այն հարցին, թե ներկայում 1000 խ/մ-ի համար 165 դոլար գազի գինը շահավե՞տ է, այն չի՞ կոտրում դինամիկան, Փաշինյանը պատասխանել է, որ չի ուզում թվերի մասին խոսել։ «Կարեւորը բովանդակությունն է, ոչ թե թվերը։ Ըստ բովանդակության ես ասացի, թե որն է նպատակը։ Կարծում եմ՝ դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, դա պետք է նաեւ Ռուսաստանի նպատակը լինի, քանի որ մենք խոսում ենք ԵՏՄ-ի մասին, մեզ մոտ միասնական տնտեսական տարածք է։ Երբ Ռուսաստանում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է մտահոգում։ Կարծում եմ՝ նույն ընկալումն է նաեւ մեր ռուսաստանցի գործընկերների՝ նախագահի, վարչապետի մոտ։ Մենք կլուծենք այդ հարցը»։