Թող ասի, հետո կտեսնենք, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Երեւանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հայտարարի ԵՏՄ-ում դիտորդ-երկիր լինելու ցանկության մասին։
Այն հստակեցմանը, թե «այսինքն շեմքից կասեք ոչ», Փաշինյանը պատասխանել է․ «Երբ ասի, այն ժամանակ էլ կքննարկենք։ Թե ինչպիսին են մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, գաղտնիք չէ։ Այնպես որ, տվյալ պահին ես ընդհանրապես դա չեմ ուզում քննարկել»։
Հարցին, թե նա պարբերաբար ուշադրություն է հրավիրում այն իրավիճակի վրա, որ Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ-ին անդամակցող երկրներից Ադրբեջանին զենք է մատակարարվում, վարչապետը նշել է, որ դա համարում է ՀԱՊԿ-ի արդյունավետության հարց։ Ո՞րն է Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵՏՄ-ում։ Կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելը։ Եւ ես ուրախ եմ, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը շատ արդյունավետ ստացվեց։ Անձամբ ինձ եւ մեր կառավարությանը հաջողվեց կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա աշխարհում։ Եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ։
Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Ո՞րն է այստեղ նպատակը։ Անել մեզնից կախված ամեն բան, որ ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարեւոր է Հայաստանի, Ռուսաստանի եւ մյուս անդամ-երկրների համար, առավել արդյունավետ դառնա։ Եւ մենք միասին աշխատում ենք դրա համար։ Դա հեշտ աշխատանք չէ, սակայն ես շատ ուրախ եմ, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ը իրոք կդառնա առավել արդյունավետ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ մնացածների համար»։




























