Հոկտեմբերի 28-ին Դավիթաշենի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 47-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է երկու դեղահաբ եւ մանրացված զանգված:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն տեսակի թմրանյութ է:

Նույն օրը Շենգավիթի համայնքային ոստիկանները, նույն՝ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի մի հասցեից բերման են ենթարկել չորս երիտասարդի:

Նշված հասցեում կատարած զննությամբ իրավապահները հայտնաբերել են կեսլիտրանոց երկու տարա՝ դեղին հեղուկով, մեկ լիտր տարողությամբ սպիտակ նստվածքով հեղուկ, ներարկիչ՝ շագանակագույն հեղուկով, դատարկ ներարկիչներ եւ պիրալգին տեսակի մանրացված դեղահաբ:

Հոկտեմբերի 28-ի երեկոյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի մի տան դուռը կիսաբաց է, եւ ոչ ոք չի արձագանքում:

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներին դիմավորել եւ տուն է հրավիրել նշված բնակարանի 27-ամյա վարձակալը: Տանն է եղել նաեւ նրա 30-ամյա ընկերը:

Տան սենյակների զննությամբ իրավապահները հայտնաբերել են ապակե չորս գլանակ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածի հետքերով, պոլիէլիթենային երկու տոպրակ՝ 38 գրամ ցողուններով եւ թմրամիջոցի տերեւի չորացված զանգված՝ մոտ 18 գրամ:

Նույն օրը վարձակալն ու ընկերը ներկայացել են Ավանի բաժանմունք: Վարձակալը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:

Բոլոր դեպքերով էլ նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: