Ոչ մի վատ բան չեմ տեսնում այդ օրենքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 29-ին ասաց  Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած օրենքին, որի համաձայն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները կարող են գրանցել սովորական քաղաքացիներն իրենց հեռախոսներով եւ ուղարկել ՃՈ։ Կարապետյանի կարծիքով՝ դա լավ կանխարգելիչ միջոց կլինի։

Դիտարկմանը, թե կան դժգոհող քաղաքացիներ, Կարապետյանն ասաց, որ գրեթե յուրաքանչյուր օրենսդրական փոփոխություն ուղեկցվում է կարծիքների փոխանակմամբ եւ առաջարկներով։ «Երբ մտցվում էր անվտանգության գոտիների պարտադիր օգտագործման նորմը, այդ ժամանակ էլ որոշ վարորդներ դժգոհություն արտահայտեցին։ Վարորդը, որը չի ցանկանում հետեւել ճանապարհատրանսպորտային  կանոններին, պատճառ կգտնի, թե ինչու պետք է այս կամ այն նորմը չմտցվի»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ անհնար է կազմակերպել ՃՈ աշխատակիցների աշխատանքը յուրաքանչյուր խաչմերուկում, եւ վարորդները, որոնք խախտում են կանոնները, պետք է պատրաստ լինեն, որ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցները կարող են նկարել այդ խախտումը եւ ուղարկել ոստիկանություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ խորհրդարանում ընդունվեց օրենք, որի համաձայն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները կարող են գրանցել նաեւ սովորական քաղաքացիներն իրենց հեռախոսներով։ Լուսանկարները եւ տեսանյութերը կարելի կլինի ուղարկել հատուկ էլեկտրոնային պլատֆորմին։ Մեկ քաղաքացին կարող է բողոքել նույն մեքենայից ամիսը մեկ անգամից ոչ ավելի։ Անանուն բողոքներ չեն թույլատրվում։

Վերջին տարում Հայաստանում գրանցվել է ՃՏՊ աննախադեպ աճ։ Ուղիղ հակառակ հարաբերակցությամբ կրճատվում է պարեկային մեքենաների թիվը փողոցներում։ Փաստորեն, օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա ՃՈ-ին պատասխանատվության մի մասը «դնել» հենց քաղաքացիների վրա։