Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հայտարարել է, որ աջակցում է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին: Բրիտանացի քաղաքական գործիչները հուսով են, որ ընտրությունները երկիրը դուրս կբերեն բրեքզիթի փակուղուց, հաղորդում է BBC-ը:

Ընտրությունների մասին Համայնքների պալատը հայտնել է այսօր, ակնկալվում է, որ վերջնական որոշում կընդունվի ուշ երեկոյան:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ կուսակցությունն աջակցում է առաջարկին, քանի որ կոշտ բրեքզիթի վտանգ այլեւս չկա. ԵՄ-ը բրեքզիթը հետաձգել է մինչեւ 2020-ի հունվարի 31-ը, իսկ Բորիս Ջոնսոնը համաձայնել է:

Ընդդիմությունը ցանկանում է ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ մտցնել: Ըստ բրիտանական սահմանադրության՝ խորհրդարանը կարող է այդ օրենքում փոփոխություններ մտցնել, օրինակ՝ փոփոխել ընտրազանգվածի կազմը:

Երկրի արդարադատության նախարար Ռիչարդ Բյորգենը հաստատել է, որ լեյբորիստներն ու ընդդիմադիր այլ կուսակցություններ կցանկանային նվազեցնել ընտրական տարիքը՝ 18-ից դարձնելով 16, ինչպես նաեւ այդ ընտրություններում քվեարկելու համար իրավունք տրամադրել ԵՄ այլ երկրներում ապրող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին:

Ընդդիմությունը հույս ունի, որ այդ մի քանի միլիոն նոր ընտրողները՝ երիտասարդությունն ու ԵՄ քաղաքացիները, տրամադրված են բրեքզիթի դեմ եւ, հետեւաբար, դեմ են Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ Պահպանողական կուսակցությանը:

Բացի այդ, բաց է մնում ընտրությունների ամսաթվի հարցը: Կառավարությունն առաջարկում է ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 12-ին, սակայն ընդդիմությունը կողմ է ավելի վաղ անցկացնելուն: Խորհրդարանը պետք է ցրվի ընտրություններից առաջ 25 աշխատանքային օրվա ընթացքում: