Քննչական կոմիտեն Պողոս Պողոսյանի սպանության գործով մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք դատախազություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Հայտնի է, որ Գլխավոր դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։ Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք դատախազություն։ Արդյո՞ք բավարար են տվյալները նոր գործ հարուցելու, թե՞  ոչ, կգնահատի դատախազությունը»,- նշեց նա:

Հայկ Գրիգորյանը նաեւ նշեց, որ այդ սպանության գործով մի շարք ցուցմունքներ կան:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք առերեւույթ վկայում են, որ Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով: Դատախազությունում հարուցվել է վարույթ`ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: