Չիլին չեղարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի կեսերին Սանտյագոյում: Որոշումը կապ ունի երկրում անցկացվող բողոքի ակցիաների հետ:
«Դա շատ բարդ որոշում էր… Սակայն որոշումը հիմնված է ողջախոհության իմաստուն սկզբունքի վրա»,- հայտարարել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերը, հաղորդում է CNBC-ը:
«Նախագահը պետք է իր հայրենակիցներին ամեն ինչից վեր դասի: Մեր գլխավոր խնդիրը հասարակական կարգը, մեր քաղաքացիների համար անվտանգությունն ու սոցիալական խաղաղությունը վերականգնելն է»,- ասել է նա:
Անցած շաբաթ Չիլիի կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել երկրի մի քանի քաղաքներում:
Գագաթաժողովը չեղարկելու Չիլիի որոշումը հարց է առաջացնում, թե երբ տեղի կունենա ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումը, որոնք, ինչպես ենթադրվում էր, Սանտյագոյում գագաթաժողովի շրջանակում պետք է քննարկեին առեւտրային գործարքի հարցը:




























