Իսրայելցի զինվորականները հինգշաբթի լուսաբացին ձերբակալել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (ՊԱԺՃ) պաղեստինցի պատգամավոր Հալեդ Ջարարին, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է Ժողովրդական ճակատի կենտրոնական կոմիտեի անդամ Մահեր Մեզհերը։
«Իսրայելցի զինվորականներն անցած գիշեր եւ լուսաբացին ձերբակալել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի տասնյակ ակտիվիստների Հորդանան գետի Արեւմտյան ափին։ Կալանավորվածների մեջ է պաղեստինցի պատգամավոր Հալեդ Ջարարը»,- տեղեկացրել է Մեզհերը։
Նա նշել է, որ ՊԱԺՃ-ն պաղեստինցիներին կոչ է անում զանգվածային ցույցեր սկսել Բալֆուրի հռչակագրի ստորագրման տարելիցի օրը (1917 թվականի նոյեմբերի 2), ինչպես նաեւ ի պաշտպանություն կալանավորված պաղեստինցիների։
Սա Հալեդ Ջարարի առաջին կալանքը չէ իսրայելցի զինվորականների կողմից։ Վերջին անգամ պաղեստինցի պատգամավորը 20 ամիս անցկացրել է վարչական կալանքի մեջ։ Իսրայելական օրենքների համաձայն՝ վարչական կալանքը թույլ է տալիս կասկածյալներին երկար ժամանակ պահել առանց մեղադրանք առաջադրելու։
1917 թվականի նոյեմբերի 2-ով թվագրված փաստաթղթում, որն անվանվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ այն ժամանակվա նախարար լորդ Արթուր Բալֆուրի անունով, բրիտանական կառավարությունն առաջին անգամ խոստացավ աջակցել Պաղեստինում «ազգային օջախի ստեղծմանը հրեա ժողովրդի համար»։ Մի շարք պատմաբանների կարծիքով՝ Մեծ Բրիտանիան այդ նախագիծն օգտագործեց Մերձավոր Արեւելք ներթափանցելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1914-1918 թվականներին, Մեծ Բրիտանիան գրավեց Պաղեստինը եւ ավելի ուշ՝ 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսի արդյունքներով ստացավ Ազգերի լիգայի մանդատը այդ տարածքների կառավարման վերաբերյալ։
Բրիտանական կառավարումն ավարտվեց 1948-ին, ինչից հետո ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի որոշմամբ Պաղեստինում նախատեսվեց ստեղծել երկու պետություն՝ հրեական եւ արաբական։




























