Հայ հասարակությունում դեռեւս պահպանվում է հետաքրքրությունը «վերացող» մասնագիտությունների հանդեպ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝միջնակարգ մասնագիտական կրթության որոշ ոլորտներում մասնագիտություն ընտրելիս տեղի են ունենում իներցիոն երեւույթներ։ «Մենք դպրոցներում իրականացնում ենք կողմնորոշիչ ծրագրեր, որպեսզի մեր աշակերտները կարողանան ընտրել մասնագիտություն, որը պահանջված կլինի»,- նշել է Հարությունյանը։