Բյուջեն պետք է այնպես կազմվի, որ իրացվի Սահմանադրության առաջին հոդվածով նախատեսված իրավական, սոցիալական, ինքնիշխան պետություն ունենալու ցանկությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրեն հետաքրքրել են պատգամավորների գործուղման ծախսերը:
«Այսօր որեւէ հաշվետվողականության մեխանիզմ չկա, թե երբ պատգամավորը պետության հաշվին թռնում է այստեղ, այնտեղ, նկարվում է Եվրոպայի այս կամ այն քաղաքում, ռեստորանում, հյուրանոցում, սա ինչի՞ն է ծառայում: Եթե մի կողմից պետք է խոսել բյուջեի խնայողության մասին, մյուս կողմից թալանել բյուջեն այսպիսի բաների վրա, ես սա նպատակահարմար չեմ համարում»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Բավական է՝ մենք թոզփչոցի անենք. Ասենք, որ մտածում ենք ժողովրդի մասին, բայց ժողովրդի կյանքն իրականում մնում է նույնը»:
Գեւորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ոչ մի միջավայրում զարգացում չկա. «Ում տեսնում ես, ասում ա՝ պատրաստվում եմ երկրից գնամ, կրճատման եզրին եմ: Այսօր էլ կառավարությունը որոշում է կայացրել գիշերօթիկները լուծարելու մասին: Էլի գործազրկության աճ:
Մենք չենք ասում՝ գիշերօթիկը շատ լավ բան է: Ոչ ոք լավ օրից իր երեխային գիշերօթիկ չի ուղարկում, այսինքն կա կարիք: Լավ եք անում լուծարում եք, բայց ինչ այլընտրանք ունեք»,-ընդգծեց պատգամավորը:
Նա հավելեց, որ այսօր սպառողական զամբյուղը 62 հազար դրամ է, հիմա կառավարությունն այդ երեխաներից յուրաքանչյուրին 62 հազար դրամ տալո՞ւ է. «Եթե տալու է, չենք քննադատի: Այդ երեխաների ճակատագիրը անորոշ է: Եթե կառավարությունն այդ երեխաների համար երաշխավորված այլընտրանք կներկայացնի, ես ներողություն կխնդրեմ իմ քննադատության համար»:




























