ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երեւան քաղաքի Հարավարեւմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը,  ով Երեւանի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին: Պարզվել էր նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող շենքերից մեկի բակում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ պահվող ատրճանակից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կրակել է 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

2019թ. հոկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 31-ին  23-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: