Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ցուցմունք տվեց 3 վկա։

Գործով վկա, տուժող Վազգեն Ղազախեցյանի հայրը՝ Ալեքսան Ղազախեցյանը, դատարանին ասաց, որ չի ճանաչում ամբաստանյալ Արթուր Ասատրյանին։

Նա պատմեց, որ դեպքից մի որոշ ժամանակ առաջ իրավապահ մարմինները խուզարկել են իրենց տունը։

Դատախազի հարցին՝ արդյոք իրեն որեւէ մեկը ճնշե՞լ է, որ այդպիսի ցուցմունք տա, վկան ասաց. «63 տարեկան տղա եմ, երեկվա երեխեն չեմ, որ ճնշեն»։

Գործով վկա, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզական գլխավոր վարչության նախկին պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ասաց, որ ամբաստանյալին չի տեսել, չի շփվել, սակայն նրա մասին լսել է. «Ազգանունները նույնն են, բայց բարեկամական կապ չկա։ Իսկ տուժող կողմին տեսել եմ Էջմիածնում վարձած բնակարանում՝ մի քանի վայրկյան։ Իմ նախաքննական ցուցմունքն էլ պնդում եմ»։

Նա պատմեց, որ ոստիկանությունում ստացել էին օպերատիվ տեղեկություն, թե Էջմիածնում վարձված այդ բնակարանում Արթուր Ասատրյանին սպանելու նախապատրաստություն է ընթանում։

Գործով վկա, Արմավիրի ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Կարապետյանն ասաց, որ օպերատիվ աշխատանքի բերումով է ճանաչում եւ տուժողին, եւ ամբաստանյալներին։

Վկան դեպքից մանրամասներ պատմեց, դատախազն էլ միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել վկայի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը։

Ցուցմունքների հրապարակումից հետո դատախազն ասաց, որ հակասություն կա այս պահին տված ցուցմունքի եւ նախորդ անգամ տված ցուցմունքի միջեւ. «Նկարագրությունների տարբերություն կա. դա ինչո՞վ կբացատրեք, ո՞ր ցուցմունքն է ճիշտ»։

Վկան էլ պնդեց նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը։ Նշեց, որ այս պահին տված ցուցմունքը տարբերվում է, քանի որ լավ չի հիշում նկարագրությունները։

Վկան հավելեց նաեւ՝ երբ այդ բնակարանում գտել են տուժողներին, նրանք ունեցել են մարմնական վնասվածքներ։ Տուժողներից մեկը պատմել էր, թե եկել է Էջմիածին՝ բանջարեղեն վաճառելու. «Պատմում էր, որ Պիպոն իրեն բռնել այդտեղ պահել է։  Պատմում էր, թե իրեն Արթուր Ասատրյանը ստիպել է, որ ասի՝ ով է եղել իրենց զակազչիկը։ Ասում էին՝ այդ տունը, որտեղ իրենց պահել են՝ Արթուր Ասատրյանի տանը մոտ է»։

Տուժողներից մեկն էլ հակադարձեց վկայի տված ցուցմունքին, եւ ասաց, որ ինքը դատական նիստերի ժամանակ է  ճանաչել Արթուր Ասատրյանին. «Էս ի՞նչ կինոներ եք պատմում, լավ ռեժիսոր կլինեիք, պարոն գնդապետ։ Ես նման բան չեմ ասել, նախ ես վախեցող չեմ, դուք էլ սուտ եք խոսում»։

Ամբաստանյալ Արթուր Ասատրյանն էլ միացավ տուժող կողմի հակադարձմանն ու ասաց. «Էս կնոյի վերջը դեռ կերեւա։ Սաղ քանդվելու է, համոզված եմ»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։